Մարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում։
.jpg)
Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մշակույթի գործիչներ, արվեստաբաններ, ուսուցիչներ, դպրոցականներ:
Ֆիլմի դիտումից հետո նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված աշակերտներին ու նախորդ տարիների շրջանավարտներին, Արա Հարությունյանի ընտանիքին: Նրա խոսքով՝ ֆիլմի ստեղծմամբ ակնհայտորեն երևում են այն արդյունքները, որոնց ուղղությամբ հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվում են աշխատանքներ:
.jpg)
Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները տարիների ընթացքում են երևում, սակայն դպրոցի անձնակազմի, ճիշտ կառավարման, տաղանդավոր երեխաների ներուժի օգտագործման շնորհիվ խաչվում են երկու կարևոր գործընթացներ. «Գիտեք, որ դպրոցներում ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, որի կարևոր բաղադրիչներից մեկը սովորողների հետազոտական, ստեղծագործական, քննադատական կարողությունների զարգացումն է: Այս ուսումնական տարին նախարարության կողմից հայտարարվել էր մշակութային կրթության տարի, որովհետև կրթությունը մշակույթից զատելը շատ դժվար է։
Համակողմանի զարգացած մարդու ձևավորումն առանց մշակութային բաղադրիչի անհնար է։ Եվ մենք այս տարիների ընթացքում ամեն ինչ արել ենք, որպեսզի իրոք խաչվեն մշակույթն ու կրթությունը, որպեսզի երեխաները զգան, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ մշակույթը կրթության, մոտիվացիայի վրա՝ հաջողությունների հասնելու առումով:
.jpg)
Նախագծային աշխատանքը ուսուցման այն եզակի ձևն է, որի ժամանակ աշակերտներն անտրտունջ ու ոգևորված են աշխատում՝ նյութի համար լրացուցիչ աղբյուրներ, ձևեր գտնելով, վերլուծելով և ստեղծագործելով»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմը նախագծային աշխատանքի լավագույն օրինակ է:
Ներկաներին ողջունել և կատարած աշխատանքի համար շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանը:
Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ «Արա Հարությունյանի Կոմիտասը» կրթամշակութային նախագծի շրջանակում դպրոցականները ուսումնասիրել են հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ստեղծագործությունները, մասնավորապես՝ քանդակագործի ստեղծագործական գործունեության այն հատվածը, որը վերաբերում է Կոմիտասին և նրա թողած հարուստ ժառանգությանը: