Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 20-ինч ժամը 18.50-ին, մայրաքաղաքի Սվաճյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են Երևանի բնակիչ 32-ամյա և 34-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:
Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել են 0,24 գրամ մեթամֆետամինի և 2,24 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ, նաև էլեկտրոնային կշեռք։ Քրեական ոստիկանները ձեռք են բերել բավարար ապացույցներ, որ նա թմրամիջոցը նույն օրը ձեռք է բերել 34-ամյա վարորդից:
Նույն օրը երկուսն էլ ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատարանի որոշմամբ մարտի 22-ին 34-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ` 0,53 և 22,92 գրամ ափիոնի նմանվող զանգվածներով, նաև էլեկտրոնային կշեռք:
34-ամյա տղամարդու նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու հատկանիշներով, խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է: