Թեհրանը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին, հաղորդել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Պարոն Թրամփի նամակին Իրանի պաշտոնական պատասխանն ուղարկվել է չորեքշաբթի՝ Օմանի միջոցով»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով՝ պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում առկա թեզերի վերաբերյալ։
Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքականությունն է՝ վարել անուղղակի բանակցություններ, քանի դեռ երկիրը գտնվում է «առավելագույն ճնշման» և ռազմական սպառնալիքի տակ։
«Անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես ընթացել են նախկինում»,- հավելել է նա։
Անցյալ շաբաթ Իրանի ԱԳ նախարարն ասել էր, որ Թեհրանի հրաժարումը ԱՄՆ-ի հետ ուղղակիորեն բանակցելուց մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն: Արաղչիի խոսքով՝ Իրանի և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև ընթացող բանակցությունները, ըստ էության, միջնորդավորված բանակցություն են Միացյալ Նահանգների հետ:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: