Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է.
«Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր է, որ այս ծառայությունները հասանելի լինեն նաև մարզերում: Ուրախ ենք, որ այն արդեն կայացած փաստ է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչների համար, հաջորդը պետք է լինի Սյունիքը»:
Նշելով, որ կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է, նախարարն ընդգծել է , որ պետք է կենտրոնացնենք բոլոր ջանքերը այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար:
Գիտաժողովին Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի աշխատանքներն է ամփոփել և կառուցվածքային ու աշխատանքային մոդելը ներկայացրել բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը:
Գյումրու Կաթվածի և նյարդաբանության կենտրոնը հիմնադրվել է 2022 թվականին ու սպասարկում է Շիրակի և Լոռու մարզերի բնակիչներին: Այստեղ երեք տարի առաջ ներդրվել է Կաթվածի ազգային ծրագիրը, որի շրջանակներում սուր իշեմիկ կաթվածի դեպքում պետական պատվերով տրամադրվում է թրոմբոլիտիկ թերապիա և մեխանիկական թրոմբէկտոմիա կյանք փրկող թանկարժեք ծառայությունները:
2022 թվականից ի վեր այս բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 2030 պացիենտ, նրանցից 1710-ը` կաթված ախտորոշմամբ: 250 պացիենտի մատուցվել է թրոմբոլիտիկ թերապիա կամ մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունը: Գյումրիում, Կաթվածի ազգային ծրագրի ներդմամբ, հիմք է դրվել նաև Գյումրի և Վանաձոր բժշկական կենտրոնների միջև հեռաբժշկության պիլոտային ծրագրի մեկնարկին: Սա լավ նախադեպ է մարզային բժշկական կենտրոնների համար: