Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Փարիզը Ուկրաինային 2 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի:
Նոր փաթեթը ներառում է Milan հակատանկային հրթիռներ, Mirage կործանիչների համար MICA հրթիռներ, Mistral զենիթային հրթիռներ, զրահատեխնիկա, զինամթերք և անօդաչու թռչող սարքեր: Մակրոնի խոսքով՝ ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու «վճռական փուլ» է սկսվել:
Ֆրանսիայի նախագահը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մակրոնը միևնույն ժամանակ շեշտել է՝ հրադադարը դեռ չի նշանակում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկում։
Մակրոնի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանը վերադառնա Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններ և հրաժարվի օկուպացված տարածքներից։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ հույս ունի՝ ԱՄՆ-ը բավարար ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա՝ Մոսկվային առանց նախապայմանների հրադադարի մղելու համար։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն և խստացվեն։
Մանրամասները՝ Դավիթ Մուրադյանի տեսաշարում։