ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Հայաստանը փորձում է ակտիվացնել կապերը Ռուսաստանի հետ:
«Մենք շարունակում են բազմաբնույթ քաղաքական երկխոսությունը։ Մենք մշտական կապի մեջ ենք երկու երկրների առաջնորդների հետ։ ՀՀ վարչապետն ընդունել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Մոսկվա այցելելու հրավերը: Կայացել են արտգործնախարարների կառուցողական բանակցությունները։ Վերջերս տեղի ունեցան արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների խորհրդակցությունները։ Գործում են միջկառավարական, միջխորհրդարանական մեխանիզմներ։ Իրականացվում է ակտիվ միջգերատեսչական փոխգործակցություն»,- հիշեցրել է Զախարովան։
Նա տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը ապրիլին կայցելի «Սիրիուս»՝ Ջերմուկում շնորհալի երեխաների համար ռուսական կրթական կենտրոնի բացումն արագացնելու համար:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ համաշխարհային օրակարգի վերաբերյալ շատ հարցերում Մոսկվայի և Երևանի մոտեցումները համընկնում են կամ մոտ են: Զախարովայի խոսքով՝ կան չլուծված հարցեր, որոնք կարգավորում են պահանջում, որպեսզի չվնասեն հարաբերություններին, և այդ հարցերը քննարկվում են: