Պաղեստինցիները Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիա բնակավայրում բողոքի ակցիա են անցկացրել՝ «ՀԱՄԱՍ, հեռացիր» կոչերով պահանջելով դադարեցնել պատերազմը: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որպեսզի Գազայում իշխանությունն անցնի ոչ կուսակցական ժամանակավոր կոմիտեին։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե մարդիկ իրավունք ունեն բողոքելու պատերազմի պատճառած տառապանքների դեմ, սակայն դատապարտել է բողոքի ակցիան՝ այն անվանելով «կասկածելի քաղաքական ծրագրեր»։
Հյուսիսային Գազան 2023 թվականի հոկտեմբերին սկսված պատերազմից ամենաշատ տուժած շրջաններից է։ Խիտ բնակեցված տարածքում շենքերի մեծ մասը վերածվել է ավերակների, իսկ բնակչության զգալի մասը մի քանի անգամ տեղահանվել՝ փախչելով Իսրայելի հրթիռակոծություններից։
Պաղեստինյան պաշտոնյաների տվյալով՝ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայում ավելի քան 50000 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելի զոհերի թիվն անցել է 1200-ը: