Փորձել են ազդել որոշման վրա, քաղաքացու քվեի վրա, և իրավապահ մարմինները պետք է գործեն, և ես կարծում եմ, որ գործում են օրենքի ողջ խստությամբ։ Այդ մասին ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Գյումրիում անցկացվելիք ընտրությունից առաջ ընտրակաշառք առաջարկելու դեպքին։
«ՀՀ-ում 2018 թվականից ի վեր որևէ մեկը չի կարող ազդել քաղաքացու ընտրության իրավունքի վրա ոչ օրինական ճանապարհով։ Ինչ վերաբերում է՝ որ դեպքը տեղի է ունենում ընտրությունից երկու օր առաջ. այսինքն ի՞նչ. եթե ընտրությունից երկու օր առաջ մարդիկ մարդկանց փող են բաժանում, մի կապ փայտ են բաժանում՝ պետք է աչք փակե՞նք։ Գլուխները տալու ենք պատին բոլորի, ովքեր փող են ուզում բաժանել մարդկանց և գնել մարդկանց քվեն»,- նշեց նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին: