Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում։
Այն անմիջականորեն կապված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, այնպես էլ՝ այն հանգամանքի հետ, որ նման գողություններ կատարելն ավելի դյուրին է, իսկ պատասխանատվությունը համապատասխանում է ոչ մեծ ծանրության հանցատեսակի համար սահմանված պատժատեսակներին։ Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար անձը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, որի պարագայում դատարանները, հաճախ հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրության լինելու հանգամանքը, կալանավորումը որպես խափանման միջոց հազվադեպ են կիրառում, իսկ պատիժներն էլ սահմանվում են ըստ այդմ։ Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում է դրսևորել հակաիրավական վարքագիծ, շարունակում է տրանսպորտային միջոցներից կատարել գողություններ։ Այդ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար, առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել լրացում։
Նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը (տրանսպորտային միջոցի դրսի կողմից կատարված) դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն, և օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայումս լայն տարածում ստացած հանցատեսակի աճը։