Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Ի դեպ, Տարոն Մարգարյանը ներկա չէ նիստին:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ իր ելույթում չի անդրադառնա կոնկրետ գործի դրվագներին, այլ կանդրադառնա քաղաքական համատեքստին:
Կոնջորյանը նկատեց՝ հարցի քննարկման ժամանակ, որքան էլ տարօրինակ է, ընդդիմությունը ներկա չէ ԱԺ նիստերի դահլիճում:
«Ոչ միայն Տարոն Մարգարյանը ներկա չէ իր վերաբերյալ հարցի քննարկմանը, այլ ընդդիմությունը ընդհանրապես ներկա չէ այս քննարկմանը: Կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը երես չունի, որ գա և մասնակցի մի քննարկման, որտեղ խոսվում է այն մասին, որ իրենք, ըստ էության, մանկապարտեզներ են սեփականաշնորհել, դպրոցի տարածքներ են ձևափոխել, և դրանք դատական այս գործերի մեջ են հայտնվել: Բայց դա իհարկե կլիներ շատ մեծ կոմպլիմենտ ընդդիմությանը՝ մտածելու համար, որ նրանք երես չունեն, ինչը նշանակում է, որ ամոթ ունեն և դրա համար չեն եկել:
Մենք մանկապարտեզ և դպրոց ենք կառուցում, մեր առջև խնդիր ենք դրել մինչև 2026-ը կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, իրենք մանկապարտեզներ և դպրոցներ են գողացել և սեփականաշնորհել»,- նկատեց Կոնջորյանը՝ հավելելով, որ դա վկայում է երկու բևեռային աշխարհահայացքի մասին:
Նրա խոսքով՝ երբ դու կառուցում ես մանկապարտեզ, այդ երկրի հետ դու ապագա ես կապում:
«Երբ դու մանկապարտեզ ես քանդում, սեփականաշնորհում, դպրոց ես մասնավորեցնում, դու այդ երկրի հետ ապագա չես կառուցում, քո հայրենիքը ուրիշ տեղ է՝ այնտեղ, որտեղ քո թալանած փողերը օֆշորներում պիտի հանգրվանեն: Այդտեղ է քո հայրենիքը»,- ասաց Կոնջորյանը՝ ընդգծելով՝ սա էլի գալիս, կանգնում է Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա:
Նրա խոսքով՝ մանկապարտեզ գողացածներն այսօր իրենց մեղադրում են, խաչակրաց արշավանք կազմակերպում Ակադեմիական քաղաքի դեմ:
«Բա մի հատ փոքր Ակադեմիական քաղաք լիներ, մասնավորեցնեին, իրար մեջ բաժանեին, սարքեին բիլիարդանոցներ, ժամանցի վայրեր...»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով՝ հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին:
Կոնջորյանի խոսքով՝ ինքը ստիպված է խոսել այսօրվա իրողությունների ու ՏԻՄ ընտրությունների մասին:
Նա հիշեցրեց, որ իր նախորդ ելույթից հետո է իմացել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որ «այսպես կոչված ընդդիմադիր ուժերից որոշները ընտրակաշառք են բաժանել Գյումրիում, և իրավապահներն արդեն գործողություններ են անում»:
«Ես երեկ նորից ասել եմ՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունները այսպես կոչված ընդդիմության կողմից Հայաստանում իշխանությունը բռնազավթելու հերթական ցատկահարթակն է: Այդ մարդիկ մի լեզու, մի ճանապարհ գիտեն՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, ահաբեկում, հայհոյանք ընտրողներին, ինչը որ տեսնում ենք այս քանի օրը: Եվ այսօր արդեն՝ ընտրակաշառքի մասին կոնկրետ հայտարարություն:
Սա ի՞նչ է նշանակում, ժողովո՛ւրդ ջան:
Սա նշանակում է, որ այս մարդիկ էլի ուզում են Գյումրիում, օրինակ, գալ իշխանության, որ շարունակեն ձեր մանկապարտեզները սեփականաշնորհել, որ շարունակեն ձեր երեխաների դպրոցները մասնավորեցնել, որ շարունակեն ձեզ թալանել, կողոպտել»,- հավելեց Կոնջորյանը՝ նշելով, որ գողապետության ապացույցն է քվեի գողությունը:
Նրա խոսքով՝ այսօրվա ընտրակաշառքի փորձն էլ է գողապետություն, դա էլ են ուզել գողանալ:
«Բա մի օր գողանում են քվեդ, մյուս օրը՝ երեխայիդ մանկապարտեզը, հաջորդ օրը՝ զավակիդ համար նախատեսված զինվորական հանդերձանքը: Մեկը մանկապարտեզ է սեփականաշնորհել կամ վաճառել, մյուսը զորամաս է վաճառել ժամանակին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով՝ այդ ամենը իր համար ունի լայն քաղաքական համատեքստ:
«Մենք խորհրդարան ենք, մենք ժողովրդի իշխանության ներկայացուցիչներն ենք: Այստեղ ամփոփված է ժողովրդի կամքը: Մենք պետք է խոսենք այս բոլոր գործընթացների քաղաքական համատեքստի մասին, թե ինչի վրա է կառուցված իշխանությունը: Մեր իշխանությունը կառուցված է ժողովրդի կամքի վրա: Այս մարդկանց իշխանությունը կառուցված է եղել գողացված մանկապարտեզների, դպրոցների, գողացված քվեների և մնացածի վրա, ու այս վերջին ճակատամարտը, որ դուրս են եկել տարբեր տեղերում, սրա մասին է:
Ինչի են իրենք Իրական Հայաստանի գաղափարախոսության դեմ պայքարում. որովհետև դա իրենց համար իրական չէ: Իրենց համար իրականը այն է, ինչը կարող են մասնավորեցնել»,- ասաց Կոնջորյանը:
Նա հույս հայտնեց, որ Գյումրիում ու Փարաքարում ՀՀ քաղաքացիները կգնան քվեարկության ու իրենց գնահատականը կտան ոչ թե պարզապես քաղաքային խնդիրներին, այլ իրենց քվեարկությունը կանեն Հայաստանի մասին մտածելով, քանի որ այդ մեկ քվեն լուծում է հարյուր հազարավորների կյանքի խնդիրը:
Հիշեցնենք՝ ըստ միջնորդագրի՝ Մարգարյանը քաղաքապետ աշխատած տարիներին հանցավոր ճանապարհով օրինականացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատություններից մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք: