Խորհրդարանում շարունակվում է պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ երեկ և այսօր ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների հնչեցրած հարցերին՝ ընդգծելով, որ բոլոր քաղաքական քննարկումները կթողնի քաղաքական մարմնին:
Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ արդյոք իրենք ցանկացած գրության համար պե՞տք է ենթարկվեն պատասխանատվության, դատախազը տվեց բացասական պատասխան:
«Ո՛չ ու ոչ մի դեպքում:
Եթե նկատում եք, պարոն Աղազարյանն իր ելույթում անընդհատ ասում էր՝ ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզել, այսինքն՝ այդ նյութական առավելությունն էր փորձում վիճարկել: Որպես իրավաբան՝ գիտեք, որ մինչև մենք անձին մեղադրյալի կարգավիճակ չտանք և իրեն իրավունք չտանք, որ ինքը իր դեմ ցուցմունք տալու իրավունքից օգտվի, մենք չենք կարող առերեսում անել, որովհետև վկայի կարգավիճակով անձը պարտավոր է ցուցմունք տալ, իսկ մեղադրյալի կարգավիճակով իրավունք ունի լռել: Վկայի համար բացառություններ կան, բայց շատ սահմանափակ: Եվ այս իրավիճակում, նորից պատասխանելով ձեր մյուս հարցին, թե ՍԱՏՄ պաշտոնյային գիտե՞նք, թե՞ չգիտենք: Գիտե՛նք: Դուք էլ գիտեք: Այն ժամանակ, երբ անունը կբացահայտվի, բոլորիդ շատ-շատ հայտնի անձ է:
Անձը, որը վկայակոչվում է որպես ՍԱՏՄ պաշտոնյա, եղել է ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց դատախազը:
Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի ելույթին՝ ասաց՝ նա հետաքրքիր թեզ է բարձրացնում:
«Ենթադրում եմ՝ դա լինելու է իրենց պաշտպանական տակտիկան, որ խոսքը տարբեր Աշոտների մասին է՝ մեկը Աշոտիկ է, մյուսը՝ Աշոտ: Չէ, դա նույն մարդն է: Եվ ինչքան էլ փորձեն այստեղ այդ բառախաղը ստեղծել՝ Աշոտ-Աշոտիկ, եթե դուք նայեք իրենց հեռախոսային խոսակցությունների բառացի վերծանումները, որոնց բառապաշարը հարիր չէ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու, այդտեղից ձեզ պարզ կլինի, որ Սլավիկն ասում է՝ Աշոտի ներկայությամբ Աղազարյանը չխոսեց, դրա համար ճիշտ կլինի, որ Աշոտը սպասի մեկ այլ տեղում: Եվ հետո հետ է գալիս ու ասում է՝ այսքան թիվ ուզեց...
Բացի դրանից՝ երբ պարոն Աղազարյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել, բայց օբյեկտիվ-փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսազանգեր է ունեցել»,- նշեց Վարդապետյանը:
Ինչ վերաբերում է պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցադրմանը՝ ինչու անձը չի հարցաքննվել երկրորդ անգամ՝ 23 հազար դոլարի կաշառքի շրջանակներում, գլխավոր դատախազը հիշեցրեց. «Մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ, և որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք»:
«Դրա համար ես եկել եմ այստեղ, առանց անձին ձեռք տալու, որովհետև այդտեղ ուղիղ տվյալ կար 23 հազար դոլարի և 300 հազար դրամի կաշառքի վերաբերյալ, և այս պարագայում ես պիտի ստանամ կարգավիճակ, որպեսզի կարողանամ անձին և՛ հարցաքննել, և՛, վստահաբար, առերեսել»,- ավելացրեց Վարդապետյանը:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին՝ ինչու ավելի շուտ չի եկել ԱԺ, պարզաբանեց՝ պատկերացրեք, եթե մեկ տարի առաջ գար, առանց վերոնշյալ գործողությունները անելու, միանգամից մերժելու էին:
«Ի դեպ՝ այդ նույն տրամաբանությամբ է, որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործիք և այլն: Հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն: Ինչու. որովհետև դատարաններն այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել, սկսում են ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա:
Եվ եթե նկատել եք, ոչ մի պատգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ԱԺ-ի առաջ չեմ բարձրացրել: Դուք կհամաձայնեք թե չեք համաձայնի, հարգելի պատգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան:
Ինչո՞ւ եմ ասում՝ ես. որովհետև ես հսկողություն եմ իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ, դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու ու այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի, ու կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ»,- տեղեկացրեց դատախազը: