ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ Կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով:
Իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում։ Այս մասին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքը։
Ըստ հաղորդագրության՝ խուզարկություն են իրականացնում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակում:
«Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։