Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացված վերահսկողությամբ փաստվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պարագայում հանրային սննդի կետի աշխատանքը դիտարկվում է վտանգավոր: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Այսպես՝
- խոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով, չորացման հիգիենիկ սարքերով, արհեստական օդափոխության համակարգերով, անձնակազմի համար հանդերձարանով.
- հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից.
- դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
- սեղանների մակերեսները եղել են անհարթ ու ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝
Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: