ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել խաղաղություն ապահովել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում, հայտարարել են պետքարտուղարությունում։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու համար անվտանգության ու առևտրի հետ կապված առանցքային հարցերում համագործակցությունը։ Նա Թուրքիային կոչ է արել աջակցել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում խաղաղությանը»,- հայտնում են պետքարտուղարությունից։
Ռուբիոն նաև ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, կոչ արել երկու երկրների առավել սերտ տնտեսական համագործակցության։ Պետքարտուղարը նաև անհանգստություն է հայտնել՝ կապված Թուրքիայում վերջին ցույցերի ու ձերբակալությունների հետ։
Ռուբիոն բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գլոբալ կոալիցիայում և վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական և խաղաղ Սիրիային, որը չի լինի միջազգային ահաբեկչության հենակետ։