Համացանցում է հայտնվել Գյումրու նախկին քաղաքապետ, Գյումրու ավագանու թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու:
«Անկախ դիտորդը» հայտարարություն է տարածել՝ նշելով՝ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն՝ պահանջելով քննել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությունը:
«Մասնավորապես, համարում ենք, որ դրանում առկա են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով):
Հոդվածը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում, բայց շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կերպով աշխատեն շուկայի աշխատողների/վաճառողների հետ և ստանան եղելիության ամբողջ պատկերը:
Հ.Գ. «Անկախ դիտորդի» պահանջով համայնքապետարանն ու ընտրական մարմինները Գյումրիում հեռացրվել են օրենքի խախտմամբ փակցված ՔՊ-ի տասնյակ պաստառներ (ինչ խոսք, լավ է ուշ, քան ավելի ուշ)»,- ասված է հաղորդագրությունում: