Թուրքիան բարդ շրջան է անցնում, հարկավոր է լինել համբերատար, ողջախոհ և սառնասիրտ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով երկրում անցնող հակակառավարական ցույցերը: «Մենք չենք տրվելու սադրանքներին, չենք գնա ճանապարհով, որը կարող է ավարտվել աղետով: Նրանք փորձում են թաքնվել երիտասարդության մեջքի հետևում՝ քողարկելու սեփական սխալները»,- նշել է Թուրքիայի նախագահը: Նա մեղադրել է ընդդիմությանը փողոցներում ահաբեկչությամբ զբաղվելու, ժողովրդին խաբելու և քաղաքականությունը անազնիվ նպատակներով օգտագործելու համար:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են, դրանք ուղեկցվում են բախումներով: Հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել, նրանց թիվը պաշտոնական տվյալով հասնում է 1500-ի:
Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: