Իրականում շատ նուրբ և բարդ գործընթաց է, և մենք այդտեղ խնդիր ունենք: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ պետական գույքի մասնավորեցման հնարավորության մասին հարցին:
«Խնդիր ունենք, որ Երևանի կենտրոնում գտնվող համալիրներ դրվել են մասնավորեցման և հետաքրքրություն չի ցուցաբերվել: Հիմա կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց քննադատություններ եղան մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ մենք ուզում էինք, Կառավարությունը մտածում էր անել: Այդ սխեման փոխեցինք, մասնավորեցումը տեղի ունեցավ, բայց այնտեղ հիմա ճգնաժամ է առաջացել, և այդ ճգնաժամի լուծմամբ պետք է զբաղվենք: Թեման պրոբլեմատիկ է և շատ կարևոր»,- նշեց վարչապետը:
Նա միաժամանակ ընդգծեց, որ 2024 թվականին Պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտները էականորեն աճել են: «20 մլրդ դրամի եկամուտ ենք ունեցել պետական գույքի կառավարումից, ինչն առնվազն նշանակում է, որ այդ հարցը մեզ շատ հետաքրքրում է: Մենք փնտրտուքի մեջ ենք, և սխեմաների ներդրման պրոցեսի մեջ ենք»,- ասաց նա՝ նշելով նաև, որ ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չէ: