Գերիների վերադարձի հետ կապված ես նոր բան չունեմ ասելու, որովհետև այն գործիքակազմերը, որոնք նախկինում մենք կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել և ապագայում էլ պետք է կիրառենք: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ գերիների վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով զիջումների գնալու հետ կապված մտահոգություններին՝ Փաշինյանը նշեց. «Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթ մի նախադասություն, որը վերաբերում է կամ պարտավորություն է առաջացնում ՀՀ-ի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար: Այդպիսի որևէ բառ, նախադասություն, բառակապակցություն պարզապես գոյություն չունի: Ես կարծում եմ, որ մենք ունենք մի շատ կարևոր խնդիր: Մենք, ընդհանուր առմամբ, պետք է ավելի լավ ճանաչենք այն աշխարհը, որում ապրում ենք, այն կանոնները, որոնք գործում են այդ աշխարհում, այն միջավայրը, որում մենք գործում ենք»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում եղած հայցերը հետ վերցնելուն, վարչապետն ասաց. «Հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո: Հայցերը հետ վերցնելը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, վերաբերում է նաև Ադրբեջանին: Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է թուլանալու, այնքան թուլանալու է Ադրբեջանը: Սա ֆունդամենտալ արձանագրումն է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շատ ավելի ֆունդամենտալ մի հարց կա: «Հետևյալն է, որ մենք՝ ՀՀ-ն, Հայաստանի ժողովուրդն ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել: Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումից հետո, որ նախկինում արել եմ հենց այս ամբիոնից Կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին: Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել. ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Ես ուզում եմ ասել՝ այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է: Ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի»,- նշեց նա: