Դրվագները, որոնք հարուցվել են քրեական վարույթում, տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ընդհանրապես որևէ խոսակցություն չկար այն մասին, որ Հովիկ Աղազարյանը «Հրապարակ» օրաթերթին «Սուրենավան» անվան տակ գրած իր հեռախոսում պետական անվտանգությանը վերաբերող գաղտնիքներ էր փոխանցում: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Այս պատմություններն իրար հետ բացարձակ կապ չունեն, հարգելի՛ գործընկերներ: Անցնում ենք իրավական գործընթացով, կլսենք միջնորդությունները, հարցերի պատասխանները դատախազից, կկայացնենք որոշում՝ ելնելով միջնորդության բովանդակությունից:
Մենք՝ որպես քաղաքական մարմին, ես ուզում եմ հստակ արձանագրենք, հնարավորություն ենք տալիս վարույթ իրականացնելու, և որևէ կերպ չենք ցանկանում խոչընդոտել փաստական հանգամանքների առկայության դեպքում իրավապահ մարմինների գործողություններին»,- հավելեց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ մարտի 26-ին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:
Ընդ որում՝ ընկերության տնօրենը 8 հազար դոլարով Աղազարյանի ընկերուհու համար մատանի ու հեռախոս էր գնել: