Մարտի 25-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության առանցքային ոլորտները, որոնք ուղղված են սոցիալական արդարության, արժանապատիվ աշխատանքի և կայուն զարգացման խթանմանը: Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է աշխատանքային և սոցիալական իրավունքները, ինչպես նաև եռակողմ գործընկերությունը ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ԱՄԿ գլոբալ առաքելությանը համապատասխան:
Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ-ին մի շարք ոլորտային ուղղություններով երկարամյա արդյունավետ համագործակցության և աջակցության համար, որը ներառում է, ի թիվս այլոց, փորձագիտական աջակցություն, խորհրդատվություն և կարողությունների զարգացում աշխատանքի և զբաղվածության ազգային օրենսդրության բարելավման և Հայաստանում աշխատանքային իրավունքների ամրապնդման համար՝ դրանք լիովին համապատասխանեցնելու ԱՄԿ կոնվենցիաների շրջանակներում ստանձնած Հայաստանի միջազգային պարտավորություններին: Դեսպանը բարձր է գնահատել նաև ԱՄԿ աջակցությունը ինտեգրման և կայուն զբաղվածության ապահովման ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ փախստականների համար։
Գլխավոր տնօրենը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը աշխատանքային չափանիշների ներդրման և սոցիալական արդարության ամրապնդման ուղղությամբ և կարևորել գործընկերության խթանումը արդի մարտահրավերների լուծման համար, ինչպիսիք են գործազրկությունը, գենդերային անհավասարությունն ու սոցիալական անարդարությունը:
Գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև ԱՄԿ նախաձեռնություններին Հայաստանի ներդրման համար, այդ թվում՝ «Հանուն սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի» շրջանակներում, որին Հայաստանը միացել է առաջիններից ԱՄԿ անդամ պետությունների շարքում։
Կողմերը երկուստեք արտահայտել են ապագայի վերաբերյալ իրենց ընդհանուր տեսլականը, որտեղ հավասար աշխատանքային իրավունքներն ու սոցիալական երկխոսությունը ճանապարհ են հարթում դեպի դիմակայուն և ներառական հասարակություններ:
Հանդիպումն ավարտվել է արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության սկզբունքների առաջմղման փոխադարձ հանձնառության վերահաստատմամբ՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը այդ նպատակներին հասնելու գործում։