Խորհրդարանում մեկնարկեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկումը:
Միջնորդությունը ներկայացնելու համար ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Վերջինս «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ ներկայացրեց ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Վարդապետյանը հայտնեց՝ միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է ԱԺ և հրապարակված է ԱԺ կայքում:
Հովիկ Աղազարյանի մասով որոշումը՝ այստեղ:
Նրա խոսքով՝ քրեական վարույթի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանն իր կնոջ հոր՝ Աշոտիկ Կամավոսյանի խնդրանքով, 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-300 հազար դոլար գումարի դիմաց՝ օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամավոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելուն, այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար:
«Ստացված տվյալների համաձայն՝ օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամավոսյանը և Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում և քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը»,- հայտնեց ՀՀ գլխավոր դատախազը:
Քրեական վարույթով ստացված փաստական տվյալների հաշվառմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարդապետյանը հայտնեց նաև՝ 2024-ի նոյեմբերի 27-ին Հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024-ի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021 թվականին մաս-մաս՝ ընդհանուր 23 հազար դոլար և 300 հազար դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՀՀ օրենսդիր իշխանության ներկայացուցչին՝ իր օգտին գործողություններ կատարելու, այն է՝ իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա՝ պաշտոնատար անձ հանդիսացող, օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ՝ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:
Հաղորդման հիման վրա նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեում գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 436-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 62298224 քրեական վարույթը։
2024 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել թիվ 62298224 քրեական վարույթը թիվ 62279123 քրեական վարույթին միացնելու մասին:
Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում, ուստի, Քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի պահպանմամբ, 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու:
Ավելի վաղ հայտնել էինք՝ միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:
Ընդ որում՝ ընկերության տնօրենը 8 հազար դոլարով Աղազարյանի ընկերուհու համար մատանի ու հեռախոս է գնել: