Ազգային ժողովի մարտի 26-ի նիստին քվեարկության դրվեցին և ընդունվեցին առաջին և երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք նախագծեր, ինչպես նաև Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը:
Առաջին ընթերցման ռեժիմում մերժված միակ նախագիծը «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն էր, համաձայն որի՝ առաջարկվում էր 2026-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Նախագծին քվեարկությունից առաջ բացասական եզրակացություն էր տվել նաև ԱԺ հանձնաժողովը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իշխող թիմը դեմ է նախագծին, քանի որ կարծում է՝ ընդդիմության ներկայացրած նախագիծն ինքնանպատակ է, և որ ընդդիմության նախագիծը Կառավարության սահմանած թիրախին հասնելու փորձ է օրենսդրական կարգավորմամբ:
«Քանի որ հարցն էմոցիոնալ կողմ ունի, և մեր ընդդիմությունը երեկ փորձում էր շահարկումներ անել, թե «Քաղաքացիական պայմանագիր» դեմ է թոշակների ավելացմանը, ես հերթական անգամ ուզում եմ նշել, որ 2018-ից այսօր մեր Կառավարությունը Հայաստանում թոշակները ավելացրել է տարեկան հավելյալ 380 միլիոն դոլարի չափով, և այն թիրախը, որն ունենք Կառավարության ծրագրով, մենք շարժվում ենք այդ թիրախի ուղղությամբ»,- ասաց նա:
Նախագծին կողմ քվեարկեց 32 պատգամավոր, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 1: Նախագիծը չընդունվեց:
Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն Ազգային ժողովն ընդունեց 64 կողմ, 7 դեմ ձայներով: