Մենք արդյոք ցանկանո՞ւմ ենք, որ դեռևս ՀՀ խորհրդարանում քննարկվող օրինագծի վերաբերյալ ՀՀ-ից դուրս որևէ երկիր կամ կառույց կարծիք արտահայտի, կարծում եմ՝ ոչ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի երկրորդ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ կառույցներն են ողջունել այս օրենքի քննարկումը:
«Կան այդպիսի դերակատարներ, որոնք հաճախ իրենց իրավունք են վերապահում խոսել Հայաստանի ժողովրդի պատմական շահերի մասին, խոսել, թե Հայաստանի ժողովուրդն ինչպիսի ընտրություն պետք է կատարի կամ չկատարի: Ես այդ ամենը չեմ ողջունում: Նույնկերպ էլ չափից դուրս ողջունման որևէ ժեստ ես կհամարեի միջամտություն Հայաստանի ներքաղաքական հարցերին»,- ասաց Մարիա Կարապետյանը:
Դիմելով խորհրդարանական ընդդիմադիրներին՝ պատգամավորն ասաց. «Ձեզ էլ առաջարկում եմ Հայաստանը չդնել ձեզ ծանոթ սցենարի մեջ և այդ հարցի առաջադրմամբ փորձել առաջացնել այնպիսի տպավորություն, որ մենք որևէ կերպ ցականում ենք, որ որևէ երկիր միջամտի ներքաղաքական հարցերին: Սա քաղաքացիական նախաձեռնություն է, և պետք է նկատել, որ արտախորհրդարանական քաղաքական ուժեր կան, որոնք աջակցել են այդ քաղաքական նախաձեռնությանը, և մինչև այդ օրենքի՝ այս դահլիճում քվեարկվելը և ՀՀ խորհրդարանի դիրքորոշում դառնալը որևէ արտաքին ուժի կողմից միջամտությունն այդ գործընթացին ողջունելի չէ:
Երբ Կառավարությունը կշփվի արտաքին դերակատարների հետ, այդ պարագայում էլ այդ արձագանքները կլինեն մեր կողմից ողջունելի և ընդունելի»: