Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցին և նրա կառավարության 14 նախարարներին հանդիսավորապես հանձնել է պաշտոնանկության վկայականները։ Արարողությունը տեղի է ունեցել Բեռլինի նախագահական Bellevue պալատում։
Շտայնմայերը Շոլցին անվանել է «բանականության ձայն» և բարձր է գնահատել կանցլերի ու կառավարության «ահռելի ջանքերը»։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ կանցլերը և նախարարները դադարեցնում են աշխատանքը նոր Բունդեսթագի գումարման օրը։ Մարտի 25-ին տեղի է ունեցել նրա առաջին նիստը։
Այնուամենայնիվ, Շտայնմայերը խնդրել է Շոլցին և բոլոր 14 նախարարներին՝ ևս մի քանի շաբաթ ժամանակավորապես պաշտոնավարել: Այս կարգը նախատեսված է նաև օրենքով։ Կանցլերը և նախարարները կշարունակեն աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը։
Ֆրիդրիխ Մերցը նախապես խոստացել էր այն ձևավորել մինչև Զատիկ, որն այս տարի կնշվի ապրիլի 20-ին։