Մարտի 25-ին Ազգային ժողովի հերթական նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը քննարկման է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնց ընդունման արդյունքում կլավարկվեն ՆԳ նախարարության ենթակա կառույցների գործունեությանն առնչվող մի շարք ուղղություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Արմեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճանով։ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը չի համապատասխանում ներկա կառավարման համակարգին և միջազգային պահանջներին»,- նշել է նա։
Փաստաթուղթը մշակվել է միջազգային փորձի տևական ուսումնասիրման արդյունքում, հաշվի են առնվել նաև Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետալի դեպքերը:
Փոխնախարարի գնահատմամբ՝ նոր կարգավորումներով կտրվի կայուն ինստիտուցիոնալ լուծում․ չափորոշիչների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները և յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները՝ ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային, տեղային, օբյեկտային մակարդակներ: Կընդլայնվի նաև թվային գործիքակազմը: Գործընթացների կառավարումը դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները դարձնել թվային և արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային համակարգ վարելու հնարավորություն:
Նախատեսվում է նաև արտակարգ իրավիճակի հետևանքով կյանքի (մահվան), ինչպես նաև անձի գույքին և առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրություն:
Միաժամանակ, կերաշխավորվի աղետի ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների պատշաճ պահպանումը՝ դրանք խախտելու համար սահմանելով համապատասխան պատասխանատվություն:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել:
Առաջին ընթերցմամբ քննարկել է նաև ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել է, որ առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը չի փոփոխվել օրենքի ընդունումից հետո և կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն և լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում և տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային և մի շարք այլ ռեսուրսների:
Նաև առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:
Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա և առավելագույնը՝ 3 պահնորդ: Զեկուցողի խոսքով նաև առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունն ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:
Արմեն Մկրտչյանն առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը կարևորել է նաև հանրության անվտանգության ապահովման համատեքստում:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը: