Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը՝ արդեն յոթերորդ անգամ։ Երդմնակալության արարողության ժամանակ նա խոստացել է՝ երբեք չի դավաճանի և չի լքի իր ժողովրդին:
«Բելառուսը կանգուն է և միշտ կլինի՝ չտրվելով սադրանքներին: Բելառուսում ավելի շատ ժողովրդավարություն կա, քան այն երկրներում, որոնք իրենց անվանում են դրա էտալոն: Բելառուսի զարգացման մոդելը մարտահրավեր է նետում լիբերալ կեղծ արժեքներին»,- նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ հանրապետությունն ընտրել է անկախության և վստահ ապագայի ուղին։
«Շնորհակալ եմ մարդկանց, որոնք շարունակում են արևմտյան դրամաշնորհներ ստանալ և արտերկրից մեզ դասեր տալ: Ի հեճուկս հայրենիքը ծախածների՝ մենք ավելի հզորացանք»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա նաև պնդել է, թե Բելառուսում խոսքի ազատության հետ խնդիրներ չկան, սակայն իշխանությունը թույլ չի տա, որ այն օգտագործվի վատ նպատակներով:
Լուկաշենկոն նաև մտահոգություն է հայտնել, թե ՆԱՏՕ-ի զորքերը Բելառուսի շեմին են և փորձում են ներքաշել երկիրը հակամարտության մեջ: Նա հավելել է՝ Բելառուսն ունի բազմաթիվ ընկերներ, որոնց թվում են եղբայրական Ռուսաստանը և հզոր Չինաստանը:
«Ես երջանիկ նախագահ եմ, իսկ Բելառուսն այն երկիրն է, որտեղ մարդիկ ցանկանում են ապրել: Կանեմ հնարավորը՝ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար»,- եզրափակել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
70-ամյա Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից:
Մանրամասները՝ տեսանյութում: