Մենք դեռևս չենք պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին, բայց պատասխանն արդեն պատրաստման փուլում է, և համապատասխան ձևով դա կներկայացվի։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։
«Ամերիկայի հետ բանակցությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է` առավելագույն ճնշումների ներքո, ռազմական սպառնալիքների ֆոնին և տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություն չենք ունենա։ Իրանը միշտ պատրաստ է եղել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ թափանցիկություն ստեղծելու համար բանակցելուն:
Հենց հիմա էլ եվրոպական 3 երկրի և այլ շահագրգիռ պետությունների հետ ունենք բանակցություններ միջուկային ծրագրի վերաբերյալ։ Մենք երբեք չենք լքել բանակցային սեղանը և չենք լքի»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքելու վերաբերյալ։