Էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող, բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արևային և հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն կտրվի առաջիկա 2 տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգայի գնման երաշխիքից և մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի: Դա հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակն ու ծավալները՝ խթանելով ազատականացված շուկայի զարգացմանը: Դուրս գալու որոշում կայացնելու պայմանը գործում է 2 տարի: Այս մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց Ծովինար Վարդանյանը՝ ներկայացնելով իր և Արուսյակ Մանավազյանի առաջարկած նախագիծը:
Կարգավորման մյուս մասի համաձայն՝ կսահմանվի էլեկտրաէներգետիկական շուկայում որակավորված սպառողի կարգավիճակով ինքնուրույն, առանց մատակարար ընտրելու հնարավորության առևտուր իրականացնելու պահանջ այն սպառողների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում իրենց 6-10 կիլովատտ ու բարձր լարման և 1 մլն կիլովատտ.ժամը գերազանցող էլեկտրաէներգայի սպառում ունեցած բոլոր հաշվառման կետերում միասին սպառել են 12 մլն կիլովատտ.ժամից ավելի էլեկտրաէներգիա:
«Սրանով խոշոր սպառողներին օրենքը նախատեսում է դարձնել որակավորված սպառող և անձամբ՝ առանց միջնորդների և առանց մատակարարների ծառայությունից օգտվելու, օգտվել ազատականացված շուկայից ու հնարավորություն ստանալ ավելի ձեռնտու պայմաններում ձեռք բերել էլենկտրաէներգիան»,- ասաց նա:
Տարեկան 12 մլն կիլովատտ.ժամի սպառումը, ըստ պատգամավորի, բավականին մեծ ծավալ է, և այն հիմնականում վերաբերում է մեծ արտադրություններին, հանքարդյունաբերողներին: Խոսքը մոտավորապես մոտ 20 սպառողի մասին է:
Հարակից զեկուցող Սերգեյ Բագրատյանը պարզաբանեց՝ բոլոր արտադրողները՝ և՛ ատոմային, և՛ հողմային, և՛ արևային էլեկտրակայանները, և՛ հիդոէլեկտրակայանները, իրենց ատադրանքը վաճառել են ՀԷՑ-ին, որն էլ վաճառել է սպառողներին: Երբ ազատականացվեց շուկան, որոշվեց, որ այլևս այդպես չպետք է լինի. արդյունքում ստեղծվեցին կազամակերպություններ, որոնք կարող էին գնել արտադրողից և վաճառել սպառողին: Բայց, ըստ Բագրատյանի, որոշ անբարեխիղճ մրցակցողներ օգտվեցին հնարավորությունից և, իրենց հարաբերությունը կարգավորելով ՀԷՑ-ի հետ, կարողացան էլեկտրաէներգիա գնել մատչելի գնով և առաջարկել այն սպառողին՝ մրցակցային դաշտում գերիշխող դիրք գրավելով: Դա վերածվեց մոնոպոլիայի: Արդյունքում մոնոպոլիան վերացնելու փորձն ակամայից ստեղծեց նոր մոնոպոլիա: Այս նախագիծը երկրորդ մոնոպոլիան վերացնելու նպատակ ունի: