Աշխատանքներն այդ ուղղությամբ տարվել են, փորձագիտական խմբերն այդ ուղղությամբ աշխատել են: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իրանական մաքսակետում օտարերկրյա պետհամարանիշներով բեռնատարների դիզվառելիքի գների հետ կապված վարորդների բողոքներին:
«Մենք մոտավորապես ունենք բանաձև, որը երկու երկրների և երկու երկրների բեռնափոխադրողների, վարորդների համար որոշակի պարզեցումներ և ավելի հարմարավետություն կառաջարկի: Առաջիկայում կվերջնականացվեն աշխատանքները: Ուզում եմ նշել, որ շատ մոտ ենք վերջնականացմանը: Երբ վերջնականացվեն, կհանրայնացնենք»,- նշեց Միրզոյանը:
«Ես էլ հաստատում եմ այն, ինչ նշեց պարոն նախարարը: Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը, նաև մաքսային տուրքերի հարցը»,- ասաց Աբբաս Արաղչին:
«Մենք պայմանավորվել ենք, որ վարորդների և բեռնատարների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ծախսերը պետք է նվազեն, որպեսզի բեռնափոխադրումների ուղղությամբ կապերը զարգանան երկու երկրների միջև: Այդ ուղղությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, և մենք էլ հանձնարարել ենք կոմիտեին, որ հետամուտ լինեն այդ խնդիրների լուծմանը»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը: