Նախարար Արաղչիի հետ քննարկումներում մենք ընդգծել ենք երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին: Այս մասին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ 2024-ին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է նախորդ առնվազն 5 տարիների ցուցանիշը, և սա կարևոր արդյունք է:
«Այսօր շարունակել ենք քննարկել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունները: Այս համատեքստում պետք է նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումով:
Նշեմ, որ Իրանը իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև իրականում ռազմավարական նշանակություն ունեն:
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչն է:
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այլև գործնականում ներգրավված է նախագծի կյանքի կոչմանը»,- հայտնեց Միրզոյանը: