Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել ԻԻՀ ԱԳ նախարար, իմ շատ լավ բարեկամ և գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիին: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք նախ շնորհավորել գործընկերոջս և Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի կապակցությամբ: Այս մասին Իրանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարը հիշեցրեց՝ սա իրանցի իր գործընկերոջ հետ առաջին հանդիպումը չէ:
«Մենք հանդիպել, համագործակցել ենք միջազգային հարթակներում, և սա նախարարի պաշտոնում պարոն Արաղչիի առաջին այցն է Հայաստան»,- հայտնեց Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով նրան իր հրավերն ընդունելու համար:
Նախարարը գոհունակությամբ արձանագրեց՝ բարեկամ Իրանի հետ ՀՀ հարաբերությունները շարունակում են զարգանալ կայուն կերպով, ինչը Հայաստանի կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:
Միրզոյանը հիշեցրեց՝ պարբերաբար արդյունավետ շփումներ և փոխայցեր կան ոչ միայն ԱԳՆ-ների, այլև բոլոր ճյուղային գերատեսչությունների միջև:
«Իրանի հետ հարաբերությունների հարուստ օրակարգը ներառում է կյանքի գրեթե բոլոր բնագավառները՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտական, կրթական:
Պետք է արձանագրեմ, որ այս բոլոր ոլորտներում մենք առաջընթաց ենք գրանցել, և վստահ եմ, որ երկկողմ գործակցության խորացումը շարունակական բնույթ կկրի»,- հավելեց Միրզոյանը: