Կա շատ հզոր խորքային հոր, որը «Նաիրիտ» գործարանի փակվելուց հետո հոսում է արտաքին աշխարհ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբիրիելյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մտահոգությանը, թե տիրազուրկ ու ապօրինի հորերի կոնսերվացման ուղղությամբ պատճաշ աշխատանք չի կատարվում, և որ նոր տեխնոլոգիաները պատշաճ արդյունք չեն տալիս:
Պատգամավորի նկատառմանը, թե որպես պատճառ նշվում է ֆինանսների բացակայությունը, նախարարի տեղակալը պարզաբանեց. «2024 թվականին այդ հորերի որոշ մասի չփակվելու պատճառը ֆինանսները չէր, այլ նորից լրացուցչ ուսումնասիրություն կատարելը, քանի որ դրանք ոչ ստանդարտ հորեր են, և բավականին դժվար է սովորական լուծումներ տալը: Շատ ճիշտ նշեցիք. հիմա փորձում ենք տարբեր տեխնոլոգիաներ կիրառել դրանք փակելու համար»:
Ըստ նախարարի տեղակալի՝ աշխատանք, այնուամենայնիվ, արվել է, քանի որ կան տնտեսվարողներ, որոնք սեփական հողերում փակել են հորերը, որոշներն էլ եկել են օրինական դաշտ՝ օրինականացնելով այդ հորերը:
«Կառավարությունն արդեն մշակել է նախագիծ՝ ֆինանսավորում հատկացնելու, և 2025-ին այն հորերի հարցը, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կփորձենք լուծել»,- ասաց նախարարի տեղակալը: