Առաջարկվում են նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում: Փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն այլևս վերապահվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, սակայն, վերոգրյալից զատ, որևէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի և ընթացակարգի վերաբերյալ, դեռևս չի սահմանվել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ մարտի 25-ին Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Զեկուցողը տեղեկացրել է, որ խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում են որոշ կարգավորումներ: Նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների և ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ:
Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է, որ դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների և պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը, ելնելով խախտման բնույթից, միջնորդագիր է ներկայացնում լիազոր մարմին և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմին՝ անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու առնչությամբ:
Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետին տրված հավաստագրից զրկելու վերաբերյալ նույնպես ներկայացնում է միջնորդագիր լիազոր մարմին, իսկ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին այն ներկայացնում է անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում իրականացրած բուժաշխատողին անհատական լիցենզիայից զրկելու վերաբերյալ, եթե բուժաշխատողը մեկ տարվա ընթացքում ուղեգրման առնվազն երեք դեպքով թույլ է տվել խախտում:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հռիփսիմե Հունանյանը: