Միանշանակ է, որ մեր քաղաքական հանձնառությունն է արժանապատիվ կենսաթոշակներ տալ մեր թոշակառուներին, և մեր ամենօրյա աշխատանքը հենց դրա մասին է՝ խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Եվ դրան են ուղղված մեր քաղաքական ու տնտեսական քաղաքականությունները՝ քաղաքական հաձնառություն առ այն, որ Հայաստանը պիտի ունենա երկարաժամկետ խաղաղություն, ապաշրջափակված սահմաններ, զարգացած ենթակառուցվածքներ, տնտեսական ներդրումներ, տնտեսական զարգացում, որն իր հետ պետք է բերի նաև կենսաթոշակների աճի: Որովհետև ի վերջո մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի զարգացող և զարգացած տնտեսությունն է, որ պետք է սպասարկի սոցիալական ծախսերը, որոնցից ամենակարևորը, թերևս, կենսաթոշակների աճն է»,- ասաց Արշակյանը:
Նրա խոսքով՝ դա ֆիքսված է իրենց քաղաքական հանձնառություններում, Կառավարության ծրագրերում:
«Ակնհայտ է, որ մենք դեպի դա ենք գնում»,- ավելացրեց ԱԺ նախագահի տեղակալը:
Ինչ վերաբերում է ընդդիմության այսօրվա օրինագծին՝ ընդդիմությանն առաջարկեց, որ, օրինակ, նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան ուսուցիչների ատեստավորման, աշխատավարձերի բարձրացման մասին, օրենք բերեն ժողովրդավարության և ընտրություններ չկեղծելու մասին, ապօրինի գույքի մասին նոր օրենք մշակեն:
«Չնայած՝ Ապօրինի գույքի մասին մեր մշակած օրենքը դուք, ըստ էության, տարել, ՍԴ եք դիմել, որ չեղարկեք: Բերեք, օրինակ, օրենք, որ արևը արևելքից դուրս գա և մայր մտնի արևմուտքում, մենք էլ մերժենք, որովհետև դրանից կախված չի՝ արևը արևելքից դուրս կգա և արևմուտքում մայր կմտնի՞, թե՞ ոչ»,- դիմելով դահլիճում գտնվող ընդդիմադիր գործընկերներին՝ նկատեց Արշակյանը:
Նրա խոսքով՝ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին, որովհետև եղած բաների մասին օրենքներ ընդունելը, մեղմ ասած, արդյունավետ չէ և ժամանակի ծախս է:
«Մենք մեր հանձնառությունների տերն ենք և դրանցով առաջ ենք գնալու»,- խոսքը եզրափակեց Հակոբ Արշակյանը: