Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը պարզաբանեց՝ ինչ հարց են լուծում այս երկու նախագծով:
«Դուք գիտեք, որ 2023-ի նոյեմբերին «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, ըստ որոնց՝ այն ընկերություններին, որոնք ԼՂ-ում էին գործում, հնարավորություն տրվեց մինչև 2024-ի դեկտեմբեր ամիսը գրանցվել ՀՀ-ում և իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում:
Այդ գործընթացն արդեն ավարտվել է, և մենք գիտենք՝ որ ընկերություններն են փաստացի գրանցվել, և որոնք՝ ոչ: Հիմա անցել ենք այս գործընթացի հաջորդ փուլին, մասնավորապես գիտենք՝ ՀՀ-ում գոյություն ունեն գույքեր, որոնք, ըստ էության, ԼՂ-ի և ՀՀ-ի տարբեր սուբյեկտների միջև փոխհարաբերություններից ծագող հարաբերությունների ընթացքում որպես գրավ են հանդիսացել: Հետևաբար առաջացել է որոշակի իրավական անորոշություն, և այս նախագծով մենք այդ անորոշությունը լուծում ենք»,- պարզաբանեց Նուրբեկյանը:
Նրա խոսքով՝ այս պարագայում անում ենք բացառություն, որ եթե անգամ չկա այդ առաջնային հարաբերությունը, երկրորդային հարաբերությունը ևս պահպանվում է, ինչը կարևոր է, քանի որ գույքը գրանցված է Հայաստանում:
«Օբյեկտիվ պատճառներով այս անորոշությունը պետք է լուծել: Ընդհանուր առմամբ մոտ 27 միլիարդ դրամի պարտավորությունների մասին է խոսքը, իսկ գույքի գնահատված արժեքը մոտավորապես 10-14 միլիարդ դրամ է: Սա կարևոր է, քանի որ կարծում ենք՝ այն գույքերը, որոնք Հայաստանում են գտնվում, թե՛ Կառավարությունը, թե՛ բանկային համակարգը փաստացի ունեն այդ գույքերի նկատմամբ պահանջներ, իրենց պահանջները պետք է կարողանանք օրինական ձևով իրացնել:
Նաև նախատեսում ենք, որ եթե գրավի և գույքի տերը որևէ այլ կերպով նախաձեռնում է այս պարտավորությունները մարել, ապա նրան հնարավորություն է տրվում առանց գրավի իրացման այդ հարաբերությունները լուծել»,- հավելեց ԿԲ նախագահի տեղակալը: