Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ ընդդիմության այն պնդումներին, թե Խաղաղության համաձայնագրով Հայաստանը միակողմանի զիջումների է գնում:
«Ընդդիմությունը այդ տեքստը տեսե՞լ է, որ այդպիսի բան է ասում: Երկրորդ. ո՞նց կարող է միակողմանի լինել, եթե բոլոր դրույթները վերաբերում են երկու կողմին: Դրա տրամաբանությունը թող իրենցից մեկը բացատրի, մենք էլ հասկանանք` որն է դրա միակողմանի զիջումը, եթե գրված է երկու կողմի համար: Դա աբսուրդ է և անլուրջ: Բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան, իմ դիմաց կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն իրենց ասածը հիմնավորել:
Եթե, օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: