Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց տուգանային 9 միավորի փոխարեն 13 միավոր սահմանելու մասին նախագիծը: Հանձնաժողովի նիստին նախագծի երկրորդ քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել էր ևս երկու իրավախախտում դիտարկել որպես տրանսպորտային պատահարների առաջացման պատճառ: Առաջինը հեռահար լույսերով տրանսպորտային միջոց վարելն է, երկրորդը՝ լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտումը:
«Մենք համաձայնության ենք եկել: Այս մասով տուգանքի չափն է ավելացել, և բալային միավոր է դրվել, յուրաքանչյուր իրավախախտման համար՝ 1 բալ»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախագծով, տուգանային 9 միավորը 13 դարձնելուց բացի, առաջարկվում էր նաև 7 իրավախախտման դեպքում ավելացնել բալերը: