Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին և վարչական իրավախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին և չի համապատասխանում թե՛ ներկայիս կառավարման համակարգին, թե՛ միջազգային պահանջներին ու չափորոշիչներին:
Բացի դրանից՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան հատկապես բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետների դիմակայունության մշակույթի ձևավորման, ենթակառուցվածքների ու տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաև հետևանքների վերականգնման գործընթացի զարգացման ուղղություններով:
Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի՝ Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին օրենքի նախագիծը մշակվել է միջազգային առաջավոր փորձի տևական և խորքային ուսումնասիրությունների հաշվառմամբ, ինչպես նաև հաշվի են առնվել Լոռու և Տավուշի մարզերում 2024-ի մայիսին տեղի ունեցած աղետալի դեպքերից քաղված դասերը, և տրվել համապատասխան լուծումներ:
Օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, ընդ որում՝ բոլոր սուբյեկտների համամասնական և փոխգործելի ներգրավվածությամբ:
«Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները, և յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները՝ այդպիսով ունենալով կառավարման համապետական, մարզային, համայնքային և տեղային մակարդակներ: Նախագծով ամրագրվում է թվային գործիքակազմի ընդլայնում ևս»,- ասաց նա:
Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակի հետևանքով կյանքի, մահվան, ինչպես նաև անձի գույքին և առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրության գաղափարը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ կերաշխավորվի աղետի ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ պահանջների պատշաճ պահպանումը՝ դրանք խախտելու համար սահմանելով համապատասխան պատասխանատվություն: