Առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնելու, այն է՝ ուղեկցող ունենալու կամ թիկնապահով շրջելու դեպքում 500 հազար դրամի չափով վարչական պատասխանատվություն է նախատեսված: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացնելիս:
Հայաստանում մասնավոր պահնորդականների դեպքում ուղեկցումն արգելվում է, բայց եվրոպական շատ երկրներում, ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, պահնորդական ծառայությունները նաև այդպիսի ծառայություն են մատուցում, ու քանի որ մեր իրականության մեջ էլ կան այդպիսի դեպքեր, ինչո՞ւ չկանոնակարգել դաշտը և թույլ տալ, որ մասնավոր ուղեկցում իրականացվի համապատասխան հոլոգրաֆիկ նշանով, և քաղաքացին էլ տեսնի, որ մարդը, որն ուղեկցում է, պետության կողմից վերահսկվող լիցենզավորված գործունեություն է ծավալում:
ՆԳ նախարարի տեղակալը նկատեց՝ հոլոգրաֆիկ նշանների և համազգեստի մասով օրենքը կարգավորումներ ունի, ապա հավելեց. «Վերլուծությունները ցույց են տալիս, որ ուղեկցող մեքենաների դեպքում ունենում ենք չարաշահումներ: Առհասարակ ուղեկցող տրանսպորտային միջոցները հանրային անվտանգության տեսանկյունից, մեր դիտարկումներով, խնդրահարույց են: Օրենքը կարծես թե այդ ռիսկերը լեգիտիմացնում է՝ տալով այդպիսի հնարավորություն, և հենց դրա համար էլ մենք գնացել ենք այդ հնարավորության վերացմանը»:
Սիսակ Գաբրիելյանը օրինակ բերեց՝ երբ խոշոր գործարարները տարբեր երկրներ են այցելում և ցանկություն են ունենում վարձելու պահնորդական ծառայություն, նախարարի տեղակալն արձագանքեց. «Մենք այդ մասը պատկերացնում ենք, որ 1 տրանսպորտային միջոցում կարող են լինել թիկնապահները և 1 տրանսպորտային միջոցում իրականացնեն իրենց գործունեությունը»:
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որով նախատեսում է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշ խստացումներ: Առաջարկվում է վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը և նախատեսել զանցանք, այն է՝ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ 3-ից ավելի թիկնապահով ուղեկցելը՝ սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ: Մեծացնել նաև առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու և այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը: