Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստը: Քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումը երեք ուղղություններով:
«Առաջին ուղղությունը ոլորտի որոշակիացումն ու ստանդարտացումն է, ինչի համատեքստում առաջարկվում է օրենքով սահմանել պահնորդական ծառայությունների տեսակները, լրացնել տեսահսկման, ինչպես նաև ահազանգման համակարգի միջոցով պահպանության և արագ արձագանքման ծառայություններով:
Սահմանել մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պարտադիր նվազագույն պահանջ՝ մասնավորապես լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի, պահնորդի և/կամ թիկնապահի հետ կնքված աշխատանքային պայմանագիր:
Սահմանել մասնավոր պահնորդական կազմակերպության պատասխանատվության ռիսկի պարտադիր ապահովագրություն: Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի բազային դրույքաչափը 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով, ինչը համահունչ կլինի տնտեսության արդի ցուցանիշներին»,- ասաց Մկրտչյանը:
Հաջորդ ուղղությունը, ըստ նրա, վերաբերում է ոլորտի վերահսկողությանն ու հաշվետվողականության ամրապնդմանը, ինչի համատեքստում առաջարկվում է օրենքով սահմանել մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան վարելու հնարավորություն:
Առաջարկվում է վերանայել պահնորդական ծառայություններ մատուցելու վայրում միայն պատվիրատուի համաձայնությամբ ստուգում իրականացնելու վերաբերյալ դրույթը՝ բացառություն նախատեսելով միայն բնակարանների կամ բնակարաններին հավասարեցված վայրերի համար:
Երրորդ ուղղությունը, Մկրտչյանի խոսքով, վերաբերում է հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից որոշ խստացումների, որի ապահովման համար առաջարկվում է վերացնել պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելու իրավական հնարավորությունը և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսել զանցանք, այն է՝ մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից պաշտպանվող անձին փոխադրող տրանսպորտային միջոցը մեկ այլ տրանսպորտային միջոցով ուղեկցելը կամ 3-ից ավելի թիկնապահով ուղեկցելը՝ սահմանելով իրավախախտման հասարակական վտանգավորությանը համարժեք տուգանքի բարձր չափ: Մեծացնել նաև առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու և այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը: