Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ինգո Բերգմանը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում դիալիզի ծառայությամբ բազմապրոֆիլ կենտրոնի կառուցման և Շվեյցարիայում առաջին էքստրակորպորալ թաղանթային թթվածնացման (ECMO-արյունը թթվածնով հագեցնելու ինվազիվ արտամարմնային մեթոդ սուր շնչառական անբավարարության զարգացման դեպքում) մեթոդի ներդրման աշխատանքներում:
Պատվիրակության անդամներն առաջիկա օրերին կշրջեն հայաստանյան մի շարք բուժկենտրոններում, կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի մասնագետների հետ քննարկելու հեմոդիալիզի ծառայության ընդլայնման հնարավորությունները, պրակտիկ իրացման հարցերը:
«Ես պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնությանը, որը մեր քաղաքացիների համար կապահովի առողջական լավագույն ելքերը: Կարևոր է Գերմանիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ այս համագործակցության մեկնարկը, փորձի փոխանակման հնարավորությունը, ժամանակակից բժշկության մեթոդների կիրառումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Հեմոդիալիզի ծառայությունը Հայաստանում մատուցվում է պետական պատվերի շրջանակում, իսկ Գերմանիայում ծառայության ծախսերը հոգում է ապահովագրությունը:
Պատվիրակությունը հետաքրքրվել է Հայաստանում երիկամի փոխպատվաստման ծառայության փորձից, որին ի պատասխան՝ նախարարը ներկայացրել է ներկա արդյունքները, խոսել դիակային դոնորության իրավական կարգավորումների ընթացքից: