Ամերիկյան և ռուսական կողմերը Սաուդյան Արաբիայում բանակցությունների ժամանակ կքննարկեն Մոսկվայի և Կիևի միջև հրադադարը Սև ծովում, քանի որ դա դրական ազդեցություն կունենա առևտրի վրա, կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
«Այժմ մենք կքննարկենք հրադադարը Սև ծովում, որպեսզի երկու կողմերը կարողանան հացահատիկ և վառելիք տեղափոխել, ինչպես նաև նորից սկսել առևտուրը ծովում»,- ասել է նա CBS-ի հետ հարցազրույցում:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, որ լավատես է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների հարցում։
ԱՄՆ երկու պաշտոնյաներն էլ այն տեսակետն են հայտնել, որ Սև ծովում հրադադարի հարցը լուծելուց հետո հնարավոր կլինի անցնել ուկրաինական կարգավորման մյուս ասպեկտների քննարկմանը, հասնել լիարժեք հրադադարի։