Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 1100 ցուցարար, վիրավորվել 123 ոստիկան։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։
«Ցույցերի ընթացքում ոստիկանությունն առգրավել է քարեր, փայտեր, հրավառություն, մոլոտովի կոկտեյլներ, կացիններ և դանակներ: Դատավարությունները շարունակվում են նրանց նկատմամբ, ովքեր հարձակվել են ոստիկանության վրա, վնասել են հանրային գույքը և սպառնացել մեր ժողովրդի անվտանգությանը: Ձերբակալվածների մեջ բացահայտվել են 12 տարբեր ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող անձինք»,- գրել է նախարարը X-ում։
Երլիքայան ձերբակալությունների հետ կապված նաև նշել է, որ «վերջին օրերին որոշ շրջանակներ չարաշահում են հավաքների և ցույցերի իրավունքը՝ փորձելով խախտել հասարակական կարգը, հրահրել փողոցային սադրանքներ և հարձակվել ոստիկանության վրա»։
«Պարզվել է, որ ձերբակալված անձինք նախկինում պատասխանատվության են ենթարկվել 17 տարբեր հանցագործության, այդ թվում՝ թմրանյութերի, գողության, խարդախության, սեռական ոտնձգությունների, մարմնական վնասվածքներ հասցնելու համար»,- նշել է նա: