Գրենլանդիայի վարչապետ Մուտե Էգեդեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների ծրագրված այցը կղզի փորձ է մեծացնել Վաշինգտոնի ճնշումը Գրենլանդիայի վրա, գրում է The New York Times-ը։
«Ի՞նչ կարող է անել ազգային անվտանգության խորհրդականը Գրենլանդիայում: Միակ նպատակը մեզ վրա իշխանություն ցույց տալն է», - մեկնաբանել է Էգեդեն այս շաբաթվա վերջին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցի և ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի՝ կղզի այցելելու ծրագրերը:
Ուոլցն ու Ռայթը նախատեսում են այցելել Գրենլանդիայում գտնվող ԱՄՆ Պիտուֆֆիկ տիեզերական հենակայանը: Այս ռազմական օբյեկտը չափազանց կարևոր է բալիստիկ հրթիռների հեռահար հայտնաբերման համակարգի համար։
Բացի այդ, վարչապետը դժգոհություն է հայտնել ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի այցի կապակցությամբ, որը նախատեսում է կղզում լինել մարտի 27-29-ը: Նա ծրագրել է այցելել պատմական վայրեր և ծանոթանալ տեղի մշակութային ժառանգությանը: Այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահի կինը ներկա կլինի սահնակներով շների մրցավազքին, որին կմասնակցի 37 մարդ և 444 շուն։
ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը կղզի քննադատել է նաև Գրենլանդիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ենս Ֆրեդերիկ Նիլսենը՝ դրանք համարելով ժամանակավրեպ: Նրա խոսքով, այն փաստը, որ ամերիկացիներն իրենց համար ժամանակ են ընտրել, երբ երկրում դեռ կառավարություն չի ձևավորվել, «ևս մեկ անգամ խոսում է Գրենլանդիայի ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին»։
Դանիայի իշխանություններն անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում Գրենլանդիայում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ-Դի Վենսի կնոջ այցից առաջ, հայտնում է AP-ն։ Ոստիկանությունը հայտնել է, որ կղզի են ուղարկվել լրացուցիչ ստորաբաժանումներ և հայտնաբերող շներ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ներգրավված են տասնյակ ոստիկաններ։