«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին, ինչը, ըստ էության, չի համապատասխանում թե՛ ներկայիս կառավարման համակարգին, թե՛ միջազգային պահանջներին և ստանդարտներին: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախարարի տեղակալը նշել է, որ քննարկմանը ներկայացված «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձի տևական և խորքային ուսումնասիրությունները, ինչպես նաև 2024 թվականի մայիսին Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետալի դեպքերը:
Զեկուցողի խոսքով՝ օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը: Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները և յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները` արդյունքում ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային և տեղային օբյեկտային մակարդակներ: Ըստ փոխնախարարի` գործընթացների կառավարումն առավել դյուրին դարձնելու նպատակով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներում գործելու բոլոր պլանները դարձնել թվային ու արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ վարելու հնարավորություն: Նախագծի ընդունմամբ կներդրվի արտակարգ իրավիճակի հետևանքով կյանքի, մահվան, ինչպես նաև անձի գույքին և առողջությանը պատճառված վնասների պարտադիր ապահովագրություն: Արմեն Մկրտչյանը տեղակացրել է, որ օրինագծով ընդլայնվում են նաև ոլորտի հասկացությունները:
Զեկուցողը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների ընդունմամբ էլ կերաշխավորվի աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կանոնակարգող պահանջների պահպանում. դրանք խախտելու դեպքերի համար օրենսգրքով սահմանվում է համապատասխան պատասխանատվություն:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին և տեղեկացրել, որ ապահովագրության ընդունման դրույթի հետ կապված ապահովագրական ընկերությունների հետ դեռևս քննարկումներ չեն եղել: Հարցը քննարկվել է Կենտրոնական բանկի ղեկավարության և համապատասխան ծառայությունների հետ: Դրույթի վերաբերյալ աշխատանքները կշարունակվեն նաև ապահովագրական ընկերությունների հետ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն առաջարկել է կողմ քվեարկել Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին. այն առաջարկվել է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: