«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել են Երևանի Շենգավիթ համայնքում գործող «Փրկություն» ՀԿ-ի` մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական միակ կենտրոնի, վերանորոգման աշխատանքները։
Նախատեսվում է, որ արդեն սույն թվականի հոկտեմբերին կենտրոնը կունենա ամբողջությամբ վերանորոգված և բարեկարգ տարածք՝ ապահովելով հատուկ կարիքներ ունեցող երեխաների ու երիտասարդների համար արժանապատիվ, հարմարավետ և ապահով միջավայր։
Վերանորոգման աշխատանքների մեկնարկին կենտրոնի տնօրենի և աշխատակազմի կողքին ներկա էին նաև կենտրոնի շահառու երեխաների մի մասը, ովքեր մեծ ոգևորությամբ դիմավորեցին հիմնադրամի աշխատակազմին ի դեմս փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի և նախաձեռնության ղեկավար Տաթև Գրիգորյանի։
«Շատ ուրախ ենք, որ վերանորոգվում է մեր տունը», — ասում էին նրանք՝ շտապելով իրենց ներդրումն ունենալ աշխատանքների մեջ։ Երեխաները սիրով օգնեցին տեղափոխել կենտրոնի բույսերը՝ դրանք տեղավորելով բակի անվտանգ հատվածում:
Հատկանշական է, որ նրանք վերջին օրերի ընթացքում ևս ակտիվ մասնակցում էին գույքի տեղափոխման նախապատրաստական աշխատանքներին: «Իմ քայլը» հիմնադրամը շարունակելու է հետևել շինարարության և բարեկարգման ընթացքին՝ ապահովելով բարձր որակ և շարունակականություն։
Այս նախաձեռնությունը հերթական քայլն է հիմնադրամի ռազմավարության շրջանակում՝ ստեղծելու ավելի ներառական, առողջ և զարգանալու հնարավորություններ ապահովող միջավայր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար` որպես հասարակության մեջ ընդգրկված լիարժեք անդամներ: