Վիզաների ազատականացման հարցն ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը միակ ոլորտն է, որտեղ չենք կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությամբ: Բողոքները բազմաթիվ են և չեն նվազում: Փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարող է բարելավվել նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում: Այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ: Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել էին 2024 թվականի դեկտեմբերին, և որ Եվրամիության համապատասխան պատվիրակության հետ տեղի են ունեցել ինտենսիվ բանակցություններ։
«Հաջորդ փուլը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 7-11-ը, երբ երկրորդ պատվիրակությունը գա։ Ես կուզենայի հիմա շատ ստույգ ասել, որ կավարտենք 2 կամ 3 տարվա ընթացքում, բայց, իսկապես, դա ո՛չ հնարավոր է, ո՛չ տեղին: ԵՄ գործընկերները խուսափում են «դեդլայն»-ներ, կոնկրետ թվեր նշելուց»,- ասաց նա:
Պարույր Հովհաննիսյանն այս համատեքստում խոսեց նաև այլ երկրների փորձից:
«Նման գործընթացները տևել են 3-6 տարի։ Բայց, կարծում եմ, Հայաստանի պարագայում այդ գործընթացն առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում։
Մենք բավականին լավ ենք պատրաստվել այդ բանակցություններին, մեր բոլոր գործընկերները տարբեր գերատեսչություններում լավ պատրաստ էին, մենք արդեն փորձում էինք մի շարք քայլեր անել մինչև բանակցությունների մեկնարկը, անգամ եվրոպական գործընկերները նշել էին, որ պատրաստվածության առումով հաճելիորեն զարմացած են:
Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի՝ երբ կավարտենք այդ բանակցությունները, բայց իմ կարծիքով՝ այդ գործընթացն առավել արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում: Այդ հարցը շարունակում ենք պահել մեր օրակարգում: Հանդիպում չկա, որ չանդրադառնամ այս խնդրին»,- ասաց նա։