Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 24-ի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունը ստացավ «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ:
Առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել. նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, …» նախադասությունը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց՝ Կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի:
Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել է և վերաշարադրվել այսպես. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»: