Մեր հաջորդ թեզը, որը էականորեն բնորոշում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, հետևյալն է՝ «Պետությունը Դո՛ւ ես, Դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը», այս մասին Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երրորդ քննարկման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախկինում չի եղել ոչ մի անգամ, որ պետությունը դու լինես, այսինքն՝ մենք, ընդ որում՝ նաև պետական կարգի տրամաբանությամբ, միապետությունների շրջանում պետությունը միապետն էր, բայց մենք քանի որ այդ տրամաբանությունը 15-րդ դարից հետո առնվազն չենք ունեցել, մեզ համար այս համատեքստում էական չէ` միապետն էր, միապետը չէր,կարևորն այն էր, որ մենք չէինք, ով էր, էական չէ, բայց մենք չէինք։
Պետությունը մենք չէինք, պետությունը ինչ-որ ուրիշ մեկն էր, մի տեղ միապետն էր, մի տեղ ուրիշ մեկն էր, մի տեղ ուրիշ կարգ էր, բայց, այնուամենայնիվ, մենք չէինք պետությունը, և այս թեզը նախորդ թեզերի շարքում մեզ՝ մեր պետության հետ ներդաշնակեցնելու փորձ է, որ ինչ-որ մենք տեսնում ենք, նույնականացնենք մեզ հետ։
Խնդիրն այն է, որ պետությունը, պետական կարգը և իրավակարգը քաղաքացին նույնականացնի իր հետ։ Այսինքն՝ էլի այն կանոնները, որոնք նախկինում շահերը, սուլթանները, ցարերն էին մեզ համար սահմանում, որով մենք պետք է ապրենք, շատ կարևոր է գալ այն սոցիալ-հոգեբանական վիճակին, որ մենք ենք, այսինքն՝ քաղաքացիներն են ապրելու կանոնները սահմանում։
Այս առումով և այս պատճառով է նաև, որ ես շատ կարևորում եմ Հայաստանի Հանրապետությունում նոր Սահմանադրության ընդունումը, իհարկե, այդ հարցը՝ կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, լրիվ ուրիշ համատեքստ է ստացել, բայց նոր Սահմանադրության թեման, որի մասին ես խոսում եմ, կապ ունի Իրական Հայաստանի այս գաղափարախոսության հետ, որովհետև խնդիրը նույնականացնելն է պետությունը հայրենիքի հետ, քաղաքացուն՝ հայրենիքի և պետության հետ, բայց առանց հաջորդ գործողության՝ կիսատ կլինի այս պրոցեսը, իսկ ո՞րն է այդ գործողությունը՝ երկրում հաստատված իրավակարգը նույնականացնել քաղաքացու հետ, կամ երկրում հաստատված իրավակարգի աղբյուր լինելու ընկալումը արմատացնել քաղաքացու մեջ»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունմանը, ասել է, որ երկրում օրենքները բխում են Սահմանադրությունից, Սահմանադրությունը պետք է սկզբունքորեն ընդունված լինի քաղաքացիների կողմից։
«Խնդիրն այն է, որ երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեները հանրության շրջանում շատ լուրջ և շատ խոր կասկածներ են առաջացրել, թե ինչքանով է քաղաքացին քվեարկել այդ սահմանադրական տեքստի օգտին»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք՝ նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետն ասել էր, որ առաջարկելու են ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և նախատեսվում է նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին։