Ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին ասվում է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի կայքում։
«Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 23-ին, Սաուդյան Արաբիայում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի տեխնիկական մասնագետները մարտի 24-ին հանդիպում կանցկացնեն Սաուդյան Արաբիայում: Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը մարտի 24-ի բանակցություններում չի ծրագրում ուղիղ շփումներ Ռուսաստանի պատվիրակության հետ: Նրա խոսքով ՝ բանակցությունները տեղի կունենան Էր Ռիադի հյուրանոցներից մեկում, որտեղ սենյակներից մեկում կլինի ռուսական պատվիրակությունը, իսկ մյուսում ՝ ուկրաինական պատվիրակությունը:
Ավելի վաղ CBS News հեռուստաընկերության թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը X-ում հայտնել էր, որ ԱՄՆ տեխնիկական թիմը մտադիր է հանդիպում անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Էր Ռիադում կիրակի օրը՝ մարտի 23-ին, ՌԴ-ի հետ երկուշաբթի նախատեսված խորհրդակցություններից մեկ օր առաջ:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր, որ մարտի 24-ին Էր Ռիադում տեղի կունենան Ուկրաինայի հարցով ՌԴ և ԱՄՆ փորձագետների խորհրդակցությունները: Նրա խոսքով՝ խորհրդակցությունների ժամանակ ռուսական պատվիրակությունը կգլխավորեն սենատոր Գրիգորի Կարասինը և ԱԴԾ տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան: